Բնագիտություն

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետերր լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ


1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: 4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Մայրենի

Թողի երկիրն իմ հայրենի

Թողի երկիրն իմ հայրենի,

Անահ անցա Արաբ ու Հինդ,

Տեսա մարդիկ չորսգլխանի,

Տեսա հազար աղետ ու խինդ։

Հասա մինչեւ Չինումաչին,

Հասա մինչեւ ծովը Ճերմակ,

Տեսա երկրի ծայրը վերջին

Եվ դրախտի դուռը կրակ։

Հազար անգամ ծագեց Արև

Եվ մայր մտավ հազար անգամ,

Տեսա ծառեր հըրատերև,

Տեսա ակունքն արեգական

Եվ փերիներ քնքուշ ու սև,

Աչքերը բոց, իրենք խավար,

Եվ փերիներ տեսա թեթև

Փրփուրի պես ճերմակ ու վառ…

Բոլորը ծուխ, բոլորն ավազ,

Բոլորն ավար ջուր ու քամուն.

Չըկա քեզնից գերիչ երազ,

Քո անունից անուշ անուն…

Անծանոթ բառեր

Անահ

Չինումաչին

Հրատերև

Փրփուրի

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…